1198/1199 Ըստ ձեռագրի հիշատակարանի՝ այն ստեղծվել է հայոց թվագրության 647 թվականին, այսինքն՝ 1198/1199 թթ․, Ռուբինյանների տոհմից թագավոր Լևոն Ա-ի և կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատի իշխանության ժամանակ։ Հիշատակարաններից մեկը վերաբերվում է Լևոն Ա-ի թագադրությունը։ Ավետարանը զարդանկարել է Գրիգորը՝ Ստեփանոսի պատվերով, Կիլիկիայի Մլիճ և Սկևռա վանքերի գրատներում։
1219 թ. Հինգերորդ հիշատակարանը, որի հեղինակը անհայտ է, անդրադառնում է Կիլիկիայի թագավոր Լևոն Ա-ի մահվանը։
XV դարի սկիզբ Ձեռագիրը գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մենաստանում՝ Ղրիմի Օթուզ բնակավայրի Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքի մոտակայքում։
1422 թ. Վեցերորդ հիշատակարանը գրել է աբեղա Սիմեոնը, որում նշվում է, որ վանական Սիմեոնը Ավետարանը վաճառել է մի հայ ազգի անձի՝ Խութլուբեկ անունով։ Հնարավոր է, որ գործարքը տեղի է ունեցել Լվովում, թեև դա լիովին հաստատված չէ։
1592 թ. Յոթերորդ հիշատակարանը գրել է մեկ այլ վարդապետ՝ Սիմեոնը, որից իմանում ենք, որ ձեռագիրը վերանորոգվել և ստացել է նոր կազմ՝ լվովահայ Թորոս Բեռնատովիչի հովանավորությամբ։ Գրառման մեջ հիշատակվում է լեհ թագավոր Զիգմունդ III-ը, ինչը միանշանակորեն հաստատում է ձեռագրի ներկայությունը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում։ Սակայն կարճ ժամանակ անց Թորոս Բեռնատովիչը այն նվիրաբերել է Հայկական տաճարի գանձարանին։
1631թ. Արքեպիսկոպոս Նիկոլայ Թորոսովիչը (որը 1630 թ. կնքել էր դաշինք Հռոմի հետ) Ավետարանը փոխառել էր Թորոս Բեռնատովիչի թաղման արարողության համար, սակայն այնուհետև հրաժարվել էր վերադարձնել այն։
1830 i 1890 թթ. Այս տարիներին ի հայտ են գալիս Լվովում պահպանվող Ավետարանի առաջին գիտական նկարագրությունները։
1905–1908թթ. Արքեպիսկոպոս Յոզեֆ Թեոդորովիչը XII դարի Սկևռայի Ավետարանը Լվովում վերականգնվող հայկական տաճարի ներքին հարդարանքը ձևավորող արվեստագետների համար նշում է որպես գլխավոր ներշնչման աղբյուր։ Ցավոք, այս գաղափարը չի իրականացվում։
1926 թ. Լեհ գրադարանավար Էդվարդ Խվալևիկը նկարագրում է հարուստ մանրանկարներով զարդարված Ավետարանը, որը գտնվում էր Լվովի հայկական տաճարին կից գործող հայկական եկեղեցական արխիվում։
1930 թ. Վիեննայի Մխիթարյան միաբանությունից վանական հայր Ներսես Ակինյանը կազմում է ձեռագրի մանրամասն նկարագրությունը։
1932 թ. Ավետարանը ներկայացվում է «Լվովում հայկական ցուցահանդեսում»։ Նախատեսվում էր այն տեղափոխել Հայկական արքեպիսկոպոսատան թանգարան, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը խոչընդոտեց այդ մտադրության իրականացմանը։
1945 թ-ից հետո Լեհաստանի սահմանների փոփոխության պայմաններում ձեռագիրը հայր Ֆրանցիշեկ Յակուբովիչի կողմից տեղափոխվում է Տինեցում գտնվող բենեդիկտյան միաբանության վանք։ Վանականները, գիտակցելով, որ Ավետարանը կարող էր բռնագրավվել պետական մարմինների կողմից, այն չէին պահում գրադարանում։
Մինչև 1985 թ. Ավետարանը պահվում է Տինեցի վանքում՝ ամենայն հավանականությամբ հայր Պավել Շչանեցկու մենախցում, մահճակալի տակ։
1985 թ. Լեհաստանում հայերի հոգևոր հովվության վերակազմակերպումից հետո Ավետարանը հանձնվում է Լեհաստանի պրիմասին և տեղապահվում Գնեզնոյի արքեպիսկոպոսական արխիվում։
1993 թ. Պոզնան է ժամանում հայտնի գերմանացի բյուզանդագետ, պրոֆեսոր Գյունտեր Պրինցինգը՝ գիտական զեկույցով հանդես գալու նպատակով։ Գնեզնո կատարած այցելության ընթացքում նա պրոֆեսոր Կազիմեժ Իլսկու կողմից հրավիրվում է արքեպիսկոպոսական գրադարան, որտեղ տնօրեն հայր Ալեքսանդրովիչը պրոֆեսոր Պրինցինգին ներկայացնում է հարուստ մանրանկարներով զարդարված, անհայտ ծագում ունեցող Ավետարանը։
1996թ. Պրոֆեսոր Պրինցինգի կողմից Ավետարանի ինքնությունը հաստատելուց և անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո ձեռագիրը փոխառությամբ տեղափոխվում է Մայնց՝ գիտական ուսումնասիրությունների և պահպանման (կոնսերվացիայի) նպատակով։
1997 թ. Լույս է տեսնում «Das Lemberger Evangeliar» հրապարակումը՝ Գյունտեր Պրինցինգի և Անդրեա Շմիդտի խմբագրությամբ։ Նույն թվականին նախատեսվում էր Ավետարանը ցուցադրել Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում կազմակերպվող «Բյուզանդիայի փառքը» ցուցահանդեսում, սակայն լեհական հաստատությունների և հայկական կազմակերպությունների միջամտությունից հետո այն վերադարձվում է Լեհաստան, քանի որ ձեռագիրը երկրից դուրս էր տարվել առանց համապատասխան իշխանությունների թույլտվության։
1997 թ-ից հետո Ձեռագիրը վերադարձվում է Լեհաստան և հանձնվում է Լեհաստանում հայ կաթողիկե՝ հայկական ծեսի հավատացյալների օրդինարիոս կարդինալ Յոզեֆ Գլեմպին։
2006 թ. Կարդինալ Գլեմպի հանձնարարությամբ Պելպլին քաղաքում գործող «Բեռնարդինում» հրատարակչությունը պատրաստում է Ավետարանի ֆաքսիմիլեի հինգ օրինակ։ Դրանցից մեկը նվիրաբերվում է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ին, իսկ մյուսը՝ կաթողիկոս Գարեգին Բ-ին։
2006 թ. հոկտեմբերի 4 Պրիմաս Գլեմպը՝ արձագանքելով լեհահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքին, Ազգային գրադարանի տնօրենի հետ ստորագրում է համաձայնագիր, որի համաձայն Ավետարանը հանձնվում է Ազգային գրադարանին՝ ի պահ (դեպոզիտ)։
2007 թ. ապրիլ–հուլիս Ձեռագիրը ներկայացվում է Մարսելում անցկացված «Arménie, la magie de l’écrit» միջազգային ցուցահանդեսում։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր հայոց այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ և անցկացվել էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում։ Ցուցահանդեսի համադրողն էր ֆրանսիահայ պատմաբան Քլոդ Արմեն Մութաֆյանը։
2012 թ. Կարդինալ Կազիմեժ Նիչը հաստատում է, որ Ավետարանը կազմում է լեհահայերի ժառանգության մի մասը և գտնվում է Լեհաստանում Հայ կաթողիկե եկեղեցու դեպոզիտում՝ Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի խնամակալության ներքո։
2024 թ. մայիսի 21-ից Ավետարանը ներկայացվում է Վարշավայում՝ Ռեչ Պոսպոլիտայի պալատում գտնվող Ազգային գրադարանի մշտական ցուցադրությունում։